Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մե խատ կույր աղիք հանելու համար կթու կովս տփի գետին»

«Մե խատ կույր աղիք հանելու համար կթու կովս տփի գետին»
20.09.2013 | 12:12

Հայտնի է, որ մեր հասարակության մի զգալի հատվածը կիսաաղքատ, աղքատ կամ ծայրահեղ աղքատ է։ Պատճառների մասին շատ են խոսում և չարժե դրանց անդրադառնալ, սակայն կա ևս մի լուրջ պատճառ, որի մասին թեև հստակ չեն արտահայտվում, բայց այն իր տեսակարար կշռով «պատվավոր» տեղերից մեկն է գրավում. դա հասարակական առողջապահությունն է։ Իրականում որքա՞ն է մեծ նրա դերը բնակչության աղքատացման գործում, դժվար է թվերով ասել, բայց որ տարեցտարի բնակչության որոշ մասը նետվում է աղքատության գիրկը, փաստ է։ Գուցե ինչ-որ տեղ ինձ առարկեն, մանավանդ նրանք, ովքեր համեմատաբար հեշտությամբ են փող վաստակում (այդ ճանապարհները բոլորին են հայտնի)։ Սակայն երկրում կան հարյուր հազարավոր ընտանիքներ, որոնք ունեն եկամտի ինչ-որ կայուն աղբյուր, ասենք՝ կենսաթոշակ, արտագնա աշխատանքից եկամուտ, եկամուտ երկրի ներսում որևէ ժամանակավոր աշխատանքից և այլն, և եթե հանկարծ, Աստված մի արասցե, որևէ հիվանդություն է վրա հասնում, օրինակ՝ սրտանոթային, լուրջ կոտրվածքների վիրահատություն կամ այլ հիվանդություն, որը որոշ գումար է պահանջում, մարդը «ձեռքերը վեր է բարձրացնում». կա՛մ պետք է թքի իր առողջության վրա, կա՛մ կախման մեջ ընկնի բանկերից, կա՛մ պետք է վաճառի ունեցած-չունեցածը (անշարժ, շարժական գույք, անասուններ)։ Այսպիսով, հիվանդ մարդը հայտնվում է նաև աղքատության ճիրաններում, և, ինչպես Հ. Թումանյանն է ասում. «Սովը եկա՜վ, սովի հետ ցավ»։ Պարզապես ընտանիքն իր բնական հունից դուրս է գալիս՝ երկար ժամանակ հնարավորություն չի ունենում վարելու, ցանելու, հող մշակելու, կենցաղը բարելավելու։ Իսկ մարդ արարածը, հայտնի բան է, գերադասում է ապրել հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ։

Շատ շատերի համար այսօր արդեն խնդիր է՝ գնալ և լուրջ բուժվել ստացիոնարում։ Օրեր առաջ մեկին հարցրի, թե ինչու չմնաց հիվանդանոցում բուժվելու, պատասխանեց. «Ախր ո՞նց մնամ, մեկ օրվա համար պահանջում են քառասուն հազար դրամ»։ Մեկ ուրիշն էլ չէր համաձայնել վիրահատելու անոթները, քանի որ վիրահատության արժեքը, ըստ իր ասածի, չորս հարյուր հազար դրամ է։ Մեկ «կույր աղիքի» վիրահատությունն այսօր արժե մոտ 160-180 հազար դրամ, բա որ ընտանիքում լինի երկո՞ւ «կույր աղիք», մի հատ էլ «նշիկների խոր բորբոքո՞ւմ», պարզ է, չէ՞, այդ ընտանիքի վիճակը։
Ես չեմ պնդում, թե բուժման գները բարձր են, դա թող անեն նրանք, ում թույլատրված է, ոչ էլ ասում եմ, թե բժիշկները շատ են վերցնում. դա իրենց խղճի գործն է, բայց ուզում եմ բերել իմ օրինակը. խորհրդային տարիներին մորս «կատարակտը» ինձ վրա «նստեց» մոտ 50 ռուբլի (իմ աշխատավարձը մոտ 250 ռուբլի էր), իմ «կատարակտն»՝ մոտ 230 հազար դրամ` (այդ ժամանակ իմ աշխատավարձը մոտ 65000 դրամ էր)։ Ահա թե որն է հարցը։ Ոչ թե բժիշկը պետք է թերագնահատի իր աշխատանքը, քիչ վաստակի, վատ ապրի, ճիշտ հակառակը` հենց բժիշկը պետք է լավ ապրի, վայելուչ, քանզի հենց նա է մարդու «մատից փուշ հանողը»։ Հարցը վաստակած եկամտի և բուժման գների միջև եղած հսկայական անջրպետն է, որ ստիպում է գյուղացուն զայրանալ, թե` «մե խատ կույր աղիք հանելու համար կթու կովս տփի գետին»։ Հիվանդանալու դեպքում այսօր շատերը փորձում են «յոլա գնալ» կամ գյուղական բժշկական ամբուլատորիայում, կամ ԱԱՊԿ-ում, կամ պոլիկլինիկաներում, երբեմն չունենալով մանրազնին հետազոտության տվյալներ, հետևաբար` բուժման լիակատար արդյունք և լրացնում են հիվանդությունների խրոնիզացման քանակը։ Բնակչության որոշ մասն էլ ձգտում է ունենալ ձրի բուժման որևէ փաստաթուղթ (հաշմանդամության, սոցիալական անապահովության վկայական և այլն), քանզի այլ ելք չի գտնում։
Մեզ մոտ խոշոր կլինիկաների հիմնական մասը սեփականաշնորհված է, հետևաբար գների սահմանումը գրեթե սուբյեկտիվ բնույթ է կրում, այսինքն, իջեցված է սովորական բիզնեսի մակարդակի, ասել է թե, հասարակական առողջապահությունը գտնվում է մի քանի հարուստ բժիշկների ձեռքում։ Դա դրական երևույթ է, թե բացասական` դատողություններ անելը շատ մասնագիտական մոտեցում է պահանջում, ես ցանկանում եմ միայն շեշտել, որ ներկա առողջապահությունը (առողջության պահպանումը) շատ շատերին նետում է աղքատության գիրկը։ Այսօր առողջ ապրելը շռայլություն է, իսկ առողջ հասարակություն պահելը` հերոսություն։ Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ հեռու չէ այն օրը, երբ բուժվելը մեր ստացիոնարներում չի դառնա անեծքի նման մի բան, իսկ բաժակ բարձրացնելիս ոչ մեկի բերանից չի հնչի. «Աստված շառից, փորձանքից, բժշկից ու դատավորից հեռու պահի»։ Հասարակության էլիտար խավը կազմող այդ երկու մասնագիտությունները պետք է միայն ու միայն հարգանքի արժանանան։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բժիշկ

Դիտվել է՝ 32675

Մեկնաբանություններ